Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լկտիություն եւ ստորություն է անվանել որոշ լրատվամիջոցների այն հայտարարությունները, որ Պետերբուրգի մետրոյում պայթյունը վրեժխնդրություն է Սիրիայում ՌԴ գործողությունների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցների խորհրդածություններին, դատողություններին, որ ահաբեկչությունը Ռուսաստանի դեմ վրեժխնդրություն էր Սիրիայում մեր քաղաքականության համար, ապա սա լկտիություն է, ստորություն: Հավանաբար, այլեւս չեմ փորձի նման հայտարարությունները բնութագրել»,- ասել է Լավրովը Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաեւի հետ հանդիպուից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախարարի խոսքով՝ «ցավալի է, որ դա, փաստորեն, ոչ թե պարզապես լրատվամիջոցների հորինածն է, այլեւ համաշխարհային հանրությանը համանման մտքեր են հայտնել որոշ գործիչներ՝ ներառյալ Օբամայի վարչակազմի օրոք աշխատած Պենտագոնի ներկայացուցիչները, երբ մեզ համար կանխատեսում էին, թե քանի որ Սիրիա եք մտել Ասադի կառավարությանն օգնելու, ապա նոր դագաղների սպասեք, որոնք հոսքով ՌԴ կգան ձեր զինծառայողների դիակներով»:
«Կարծում եմ, որ սա ընդհանրապես քաղաքական գործիչներին վայել չէ: Ես հույս ունեմ, որ ներկայիս իրավիճակում, երբ ահաբեկչությունը սպառնում է անխտիր բոլոր երկրներին, նման երկակի ստանդարտներ չեն լինի, եւ այս կապակցությամբ քաղաքական գործիչները պատասխանատվություն հանդես կբերեն»,- ընդգծել է Լավրովը:
Նա հույս է հայտնել, որ լրատվամիջոցները «հանդես կգան առավելագույն պատասխանատվությամբ», քանի որ այսօր «քան երբեւէ նման պատասխանատու մոտեցումների արդիականությունը շատ մեծ է»:



























