Հայաստանի Կոմկուսի՝ պաշտոնապես հայտարարված արդյունքները հեռու են իրականությունից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
«Իհարկե՝ մինչ ընտրությունների օրը բոլորի մոտ կարծիք կար, որ Կոմունիստական կուսակցությունն անպայման տեղ է ունենալու խորհրդարանում, քանի որ այդ մասին էր վկայում նախընտրական շրջանում մեր հանդիպումների ժամանակ ժողովրդի տրամադրվածությունը: Սակայն հրապարակված թվերը, որ ստացել է Հայաստանին Կոմկուսը, անհավանական են՝ ընդամենը 0.75%: Դա շատ հեռու է իրականությունից: Իհարկե՝ մենք գիտենք, որ ընտրություններն արդար չեն եղել: Ժողովուրդը, ելնելով, սոցիալ-տնտեսական ծանր իրադրությունից, հարկադրված է եղել վերցնել նետված մի քանի կոպեկը»,- հայտարարեց Սարգսյանը:
Դիտարկմանը, որ քվեարկությունից առաջ Կոմկուսը գոհ էր քարոզարշավից եւ լրատվամիջոցներում նախընտրական հանդիպումների լուսաբանումից ու հույս էր հայտնում, որ հաղթահարելու է 5%-ի շեմը՝ ոչինչ չնշելով ընտրությունների անարդար բնույթի մասին, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը պատասխանեց. «Մինչեւ ընտրությունների օրն ամեն ինչ նորմալ էր. ե՛ւ լրատվամիջոցներն էին օբյեկտիվ, ե՛ւ իշխանությունները որեւէ ճնշում չէին գործադրում: Մենք չէինք էլ կասկածում, որ նման բան կարող է տեղի ունենալ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ընդամենը 11.742 ձայն է հավաքել կամ 0.75%, ինչը, 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների համեմատ, ավելի քան 4.000 ձայնով պակաս է:




























