Նոյեմբերի 16-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել էՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդթին, որի հետ քննարկել է Գերմանիայի զարգացման գործակալության (GTZ) կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ  ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրների միջեւ  հարաբերությունները  բոլոր ուղղություններով  կայուն զարգանում են  եւ բարձր գնահատեց առկա քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային փոխգործակցությունը: Հայ-գերմանական համագործակցությունը կարեւորվել է նաեւ   Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում:

Հովիկ Աբրահամյանը  ուրախությամբ նշել է, որ միջխորհրդարանական հարաբերությունները զարգանում  են եւ կարեւորել է  երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության ակտիվացումը  ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև բազմակողմ, մասնավորապես` Եվրամիության հետ համագործակցության ձևաչափով: ԱԺ նախագահը նշել է, որ  Հայաստանում գործում է գերմանական կապիտալով շուրջ 80 ընկերություն եւ կարեւորել գերմանական գործարար շրջանակների ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում, ինչի համար ստեղծված է բարենպաստ օրենսդրական դաշտ:

Դեսպան Շմիդթը նույնպես անհրաժեշտ է համարել տնտեսական գործակցության ընդլայնումը: