Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Արման Սահակյանը, որը Դավիթաշեն–Աջափնյակ–Արաբկիր ընտրական տարածքում ձայների մեծամասնությունն է ստացել, դեռ չգիտի՝ պատգամավորական գործունեությամբ զբաղվելու է, թե ոչ։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց՝ սպասում է կուսակցության որոշմանը։
«Ընդհանրապես, ասեմ Ձեզ՝ եթե ես քաղաքականությամբ եմ զբաղվում, նմանատիպ որոշումները քաղաքական թիմն է կայացնում։ Մեր կուսակցությունը ինչ որոշում կայացնի, ես կենթարկվեմ այդ որոշմանը։ Այս պահի դրությամբ իմ աշխատասենյակում աշխատում եմ»,–ասաց Արման Սահակյանը։
Անդրադառնալով արձանագրված ընտրախախտումներին՝ ՀՀԿ ներկայացուցիչն ասաց, որ առաջին անգամ է լսում ընտրախախտումների մասին։ Նրա խոսքով՝ մաքրամաքուր ընտրություններ են եղել։
«Ես առաջին անգամ եմ լսում, որ ընտրախախտումներ կան, համենայնդեպս այն ընտրատարածքում, որտեղ որ իմ ձայների մեծամասնությունը ստացանք, ես տեղեկացված էլ չեմ ինչ խախտումներ կան, իսկ եթե եղել են, բնական է, որ այդ գործերը պիտի հարուցվեն, քննեն ու եզրակացություն տան իրավապահ մարմինները։ Իմ կարծիքով՝ այս ընտրությունները մաքրամաքուր ընտրություններ էին»,–նշեց Արման Սահակյանը։




























