ՀՀ ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 10-ին, քառօրյա նիստերի գումարման համար կրկին քվորում չապահովվեց: Խորհրդարան ներկայացել էր ընդամենը 18 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, տեսնելով ԱԺ դատարկ դահլիճը, ներկաներին դիմեց հետեւյալ կերպ. «Բարեւ ձեզ հարգելի պարտաճանաչ պատգամավորներ»: Նա հայտարարեց, որ գրանցումը շարունակվելու է 3 ժամ մինչեւ քվորում ապահովելը:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի օրերին նույնպես քվորում չէր ապահովվել:
Ապրիլի 7-ին, տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել էր Գալուստ Սահակյանը: Քննարկվել էին հինգերորդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 10-13-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ըստ այդմ, ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 93 հարց, 29 միջազգային պայմանագիր:
Նշենք, որ թեեւ ԿԸՀ-ն հրապարակել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, սակայն նոր խորհրդարանը դեռ չի ստանձնել իր լիազորությունները. դա տեղի կունենա նոր խորհրդարանի առաջին նիստի օրը՝ ապրիլի 27-ին (եթե որեւէ ուժ չբողոքարկի ընտրությունների արդյունքները ՍԴ-ում):




























