Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կազմած Ճանապարհորդության եւ տուրիզմի մրցունակության վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 84-րդ հորիզոնականը: Հայաստանի հարեւանները՝ Վրաստանն  ու Ադրբեջանը, հայտնվել են, համապատասխանաբար, 70-րդ եւ 71-րդ տեղերում:

ՀՏՖ-ի փորձագետները 136 պետություն են գնահատել: ՀՏՖ զեկույցը կազմվել է տարբեր ցուցանիշերի հիման վրա, այդ թվում՝ անվտանգությունը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 34–րդ հորիզոնականը, Ադրբեջանը 35–րդն է, Վրաստանը՝ 29–րդը։

Ամենաանվտանգ երկիրը Ֆինլանդիան է, որն անցյալ տարի նույնպես առաջին հորիզոնականում էր: Երկրորդ տեղում ԱՄԷ-ն է, իսկ եռյակը եզրափակում է Իսլանդիան: Ռուսաստանը 109-րդ տեղում է:

Ամենավտանգավոր երկրները փորձագետները համարում են Կոլումբիան (136), Եմենը (135) եւ Սալվադորը (134):

Վարկանիշը կազմվել է տարբեր գործոնների հիման վրա, այդ թվում՝ գործարար միջավայր, անվտանգություն, առողջություն եւ սնունդ, զինված հակամարտությունների առկայություն, հանցավորության եւ ահաբեկչության սպառնալիքի մակարդակ: