Ստամբուլին կից կղզիների փոխքաղաքապետ Րաֆֆի Հերմոն Արաքսը ժամանակավոր ստանձնել է քաղաքապետի պաշտոնը եւ կազմակերպել քաղաքացիների համար Կուրբան բայրամը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հայազգի պաշտոնյան եւ իրեն ուղեկցողները մասնակցել են Կուրբան բայրամի նամազին, որից հետո զոհաբերված անասունների մսից բաժանել են կղզիների կարիքավոր ընտանիքներին։
Րաֆֆի Հերմոն Արաքսը հերթով այցելել է կղզիներ, շնորհավորել քաղաքացիներին՝ Կուրբան բայրամի կապակցությամբ։ «Ես ոչ միայն նամազ կանեմ մեր մահմեդական եղբայրների հետ, այլ նաեւ կաղոթեմ հրեա եղբայրների սինագոգներում»,-նշել է հայազգի փոխքաղաքապետը՝ շեշտելով, թե իսլամական կրոնական արարողություններին մասնակցելը անընդունելի չէ։


























