Ճամայկայում անցած շաբաթ հայ ամուսինները դատարանի առաջ են կանգնել, այն բանից հետո երբ փորձել են կղզին լքել ու Կանադա մեկնել կեղծ ամերիկյան անձնագրերով, հայտնում է Jamaica Observer-ը։
27-ամյա մեխանիկ Էդմուշ Հայկոն ու նրա կինը՝ 21-ամյա վարսավիր Էնկան հավաստիացնում են, որ փորձել են երկրից մեկնել՝ ավելի լավ ապրուստ որոնելու նպատակով։ Նրանց խոսքով, իրենք այդ կեղծ անձնագրերը 200 դոլարով ձեռք են բերել տեղի բնակիչներից, որին Մոնտեգո – Բեյ լողափին էին հանդիպել։
Ըստ պաշտոնական ոստիկանական հաշվետվության, զույգը դեպի Տորոնտո ուղեւորվող օդանավ բարձրանալիս կեղծ անձնագրեր է ներկայացրել։ Նրանց ձերբակալել են Air Canada–ի անվտանգության աշխատակիցները։ Հետագայում զույգին կալանավորել են ու փաստաթղթերի կեղծման մեղադրանք առաջադրել։
Առաջին լսումների ժամանակ պարզվել է, որ մեղադրվող կինը հղի է ու շտապ բուժօգնության կարիք ունի։ Դատավորը թույլատրել է կնոջը բժշկի տանել, որից հետո նրան կվերադարձնեն կալանավայր։
Երկրորդ լսումները կանցնեն մայիսի 2-ին։



























