Հայաստանում ադրբեջանական ապրանքների արգելք չի գործում, սակայն յուրաքանչյուրն ինքը կարող է որոշել՝ գնե՞լ նման ապրանք, թե ոչ։ Այս մասին մայիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական խնձորների աղմկահարույց պատմությունը։
Լրագրողները նկատել են, որ չնայած բարձրաձայնվել է խնձորների հետ կապված միջադեպը, սակայն Ադրբեջանից ապրանքներ ներկրվել են նաեւ նախորդ տարիներին։ Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանից ներկրում գործնականում չի եղել։ Միայն 2014 թվականին 600 դոլար արժողությամբ մեկ գորգ է ներկրվել։
«Ադրբեջաբական ապրանքների էմբարգո մեզ մոտ չի գործում։ Իմ լիազորությունների սահմաններում չէ դրա սահմանումը։ Բայց կարծում եմ՝ խանութներն իրենք կարող են որոշել՝ վերցնե՞լ թե ոչ նման ապրանքներ, իսկ սպառողները՝ արդյո՞ք պետք է գնել», - նշել է Հարությունյանը։




























