Հայաստանի իշխանությունները եւ նրա բնակիչները հարգանքով են վերաբերվում մյուս մշակույթներին եւ լեզուներին: Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի զեկույցում, որը նվիրված է Եվրոպական հռչակագրի շրջանակում տարածաշրջանային լեզուների եւ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Զեկույցում նշված է, որ Հայաստանի օրենսդրությունը եւ նորմատիվ ակտերը համապատասխանում են հասարակական կյանքում տարածաշրջանային լեզուների եւ փոքրամասնությունների լեզուների օգտագործման վերաբերյալ երկրի պարտավորություններին: Սակայն անհրաժեշտ է էլ ավելին անել, որ բարձրանա երկրի ազգային փոքրամասնությունների լեզուների եւ ազգային մշակույթների իրազեկվածության մակարդակը, լուծվի միջոցների անբավարարության խնդիրը եւ փոխվի իշխանությունների վերաբերմունքը լեզուների պաշտպանության նկատմամբ:

Զեկույցն ընդգրկում է մինչեւ 2016-ի մայիսի վերջի ժամանակահատվածը եւ հատուկ ուշադրություն է դարձնում միջոցառումներին, որոնք ընդունվել են 5 լեզուների առաջմղման համար, որոնք Հայաստանը փոքրամասնությունների լեզուներ է ճանաչում եւ պաշտպանում է Հռչակագրի համաձայն՝ ասորերեն, հունարեն, քրդերեն, ռուսերեն եւ եզդիերեն:

Փորձագետները որոշ առաջընթաց են նշում մասնավորապես դասագրքերի հրապարակման հետ կապված: Ռուսերենի իրավիճակն անհանգստություն չի հարուցում՝ սա փոքրամասնությունների միակ լեզուն է, որով երկլեզու կրթություն է տրամադրվում կրթական համակարգի տարբեր մակարդակներում:

Մինչդեռ հունարենի իրավիճակը չի համապատասխանում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Վտանգ կա, որ երկրում պոնտոսական հունարենը կանհետանա որպես փոքրամասնության լեզու: Հունարենի աջակցության համար պետական մարմինների վճռական միջոցառումներ են անհրաժեշտ:

Նշվում է ասորերենի, քրդերենի եւ եզդիերենի առաջմղման որոշակի անբավարարության մասին: Այս երեք լեզուները աննշան են ներկայացված պետական եւ մասնավոր լրատվամիջոցներում: Լավ պատրաստված ուսուցիչների պակաս կա: Թերություններն առաջին հերթին կապված են միջոցների բացակայության հետ:

Զեկույցում նշված է, որ Հայաստանում փոքրամասնությունների լեզուներին ցուցաբերվող աջակցությունը հաճախ սահմանափակվում է ֆոլկլորային փառատոներով կամ փոքրամասնությունների նախաձեռնած տարբեր միջոցառումների համար շենք տրամադրելով: Եվրոպայի խորհրդի փարձագետները նշում են Հայաստանի իշխանությունների միտումը Հռչակագիրը չկատարելու պատասխանատվությունը դնել տեղական իշխանությունների ու ազգային փոքրամասնությունների վրա եւ սա օգտագործել որպես միջոցառումների բացակայության արդարացում: Իշխանությունների պասիվ վերաբերմունքը տպավորություն է ստեղծում, որ փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունը իրենց փոքրամասնությունների գործն է: Սակայն Հռչակագրով փոքրամասնությունների լեզուների խրախուսման եւ պաշտպանության պարտականությունները դրվում են իշխանությունների վրա, այլ ոչ թե փոքրամասնությունների, ընդգծել են փորձագետները:

Նշենք, որ Հայաստանը Տարածաշրջանային լեզուների եւ փոքրամասնությունների լեզուների հռչակագրին միացել է 2002 թվականի մայիսին: