2017 թվականին հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Հայաստան 18,2 տոկոսով ավելի զբոսաշրջիկներ են ժամանել։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը աշխատանքներ է տանում նոր զբոսաշրջիկներ ներգրավելու ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանի համար ամենախոշոր՝ Իրանի եւ Ռուսաստանի շուկաներում։ «Այցելությունների աճ է նկատվում եւ Իրանից ու Ռուսաստանից, եւ Ֆրանսիայից, եւ Չինաստանից։ Միայն 2017 թվականի մարտի տոներին Իրանից մեզ մոտ 23 տոկոսով ավելի հյուրեր են ժամանել։ Ամբողջ 2016 թվականի ընթացքում զբոսաշրջիկներն ավելացել են 5,9 տոկոսով»,-հավելել է Զեյթունցյանը։