Արդշինբանկը Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի կողմից Առեւտրի խթանման ծրագրի շրջանակներում ճանաչվել է «2016 թվականի Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Մրցանակը ՎԶԵԲ-ի կողմից շնորհվել է` հաշվի առնելով Արդշինբանկի կողմից 2016 թվականի ընթացքում իրականացրած առեւտրի ֆինանսավորման գործարքների ծավալը:

Մրցանակը հանձնվել է Արդշինբանկի ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանին սույն թվականի մայիսի 9-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ՎԶԵԲ-ի Տարեկան ժողովի եւ Բիզնես-ֆորումի շրջանակներում տեղի ունեցած ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:

«Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ մեր համագործակցությունն առեւտրի ֆինանսավորման ոլորտում, ինչի շնորհիվ Բանկն ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունն եւ ավելացրել առեւտրի գործարքների ծավալները: Հուսով եմ, որ այս մրցանակը հիմք կհանդիսանա ՎԶԵԲ-ի հետ մեր համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման համար», - նշել է Արդշինբանկի Ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանը:

«Արդշինբանկը հանդիսանում է ՎԶԵԲ-ի տեղական գործընկեր-բանկերից մեկը, եւ մենք ուրախ ենք, որ այն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում Առեւտրի խթանման ծրագրում: ՎԶԵԲ-ի նպատակն է Առեւտրի խթանման ծրագրի միջոցով ակտիվացնել միջտարածաշրջանային առեւտուրն ու նպաստել առեւտրային կապերի զարգացմանը Հայաստանի եւ նրա առանցքային առեւտրային գործընկերի միջեւ: Առեւտրի զարգացումը տեղական տնտեսության ամրապնդման կարեւոր գործոններից մեկն է», - նշել է Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Մոնղոլիայի ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Մայք Թեյլորը: