Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 20-ին Լիսաբոնում մասնակցել են Աֆղանստանին նվիրված պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով ՆԱՏՕ-ի խորհրդի հանդիպմանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցել են եւ ելույթ ունեցել ԱՄՆ-ի, Պորտուգալիայի, Աֆղանստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող այլ պետությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները, Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Գագաթաժողովին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԳ նախարարը, որը նշել է, որ Աֆղանստանի իրավիճակը բազմաթիվ պետությունների մտահոգությունն է հարուցում` անկախ այն հանգամանքից, թե տվյալ երկիրը աշխարհագրորեն որքան մոտ կամ հեռու է Աֆղանստանից, եւ ընդգծել է, որ հենց դրա ապացույցն է, որ 49 երկրների ներկայացուցիչներ հավաքված են մեկ սեղանի շուրջ` համատեղ քայլեր մշակելու այդ երկրում առկա խնդիրներին լուծումներ գտնելու համար: Հենց այս մտայնությամբ է Հայաստանը միացել Աֆղանստանում Անվտանգությանը աջակցող միջազգային ուժերին եւ արտահայտել է իր պատրաստակամությունը ավելացնել իր մասնակցությունը:

Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ` ռազմական եւ ֆինանսական աջակցությունը Աֆղանստանին կարեւոր է, սակայն առավել կարեւոր է վերականգնել Աֆղանստանի ժողովրդի վստահությունը կայուն, ապահով եւ բարգավաճ ապագա կառուցելու իր կարողության հանդեպ: Այս առումով Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել միջազգային հանրության կողմից նախատեսվող քայլերին, որոնք թույլ կտան անցում կատարել ռազմական չափումից` երկարատեւ աջակցության ծրագրերին, քաղաքական, տնտեսական եւ հումանիտար փոխգործակցության ակտիվացմանը: Լիսաբոնում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել նաեւ Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոյի հետ:

Լուիս Ամադոն, ողջունելով հյուրին,  ասել է. «Ի դեմս Պորտուգալիայի Հայաստանը ունի վստահելի բարեկամ, որը պատրաստ է ընդլայնել բոլոր ոլորտներում համագործակցությունը»:

Էդվարդ Նալբանդյանն, իր հերթին, ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Պորտուգալիայի հետ հարաբերությունների զարգացումը խթանելու համար եւ ստեղծելու այնպիսի գործակցություն, ինչպիսին ունի եվրոպական շատ երկրների հետ:

Նախարարները կարեւորել են քաղաքական երկխոսության խթանման ուղղված քայլերի ձեռնարկումը, քննարկել ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում գործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը, տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ընդունելով Էդվարդ Նալբանդյանի Հայաստան այցելելու հրավերը` Պորտուգալիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Երեւան կժամանի 2011 թվականի առաջին կեսին:

Գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Պորտուգալիայի պաշտպանության նախարար Օգուստո Սանտոս Սիլվայի միջեւ:

Երկու երկրների պաշտպանության նախարարները շահագրգիռ քննարկում են ունեցել իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության ծավալման հնարավորությունների շուրջ:

Նշենք, որ գագաթաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ զրույցեր է ունեցել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: