Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որը լիտվացի գործարարների աճող հետաքրքրության առանցքում է: Այս մասին «Մրցունակություն» համաժողովում Լիտվայի առեւտրային միտումների ու հեռանկարների մասին իր շնորհանդեսում նշել է Լիտվայի արդյունաբերողների համադաշնության եւ Նորարարական կենտրոնի տնտեսական վերլուծաբան Ալեքսանդր Իզգորոդինը:
Լիտվացի գործարարները Հայաստանը դիտարկում են դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու լավագույն հարթակ: «Առեւտրի զարգացման եւ ներդրումների ներգրավման համար նոր միջանցք է բացվում Բալթյան երկրներից դեպի Հայաստան, որը կամուրջ է հանդիսանում ԱՊՀ եւ արաբական վեց երկրների խոշոր շուկաների միջեւ։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանն ու Լիտվան շատ ընդհանրություններ ունեն․փոքր տնտեսություն, մարդկային կապիտալի շեշտադրում, բնական պաշարների բացակայություն եւ երկրների նմանատիպ դիրքավորում»,- նշել է Ալեքսանդր Իզգորոդինը։
Համաձայն Բալթյան երկրներում Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանի, Լիտվա-Հայաստան առեւտրատնտեսական կապերը բիզնեսի տարբեր ոլորտներում կայուն զարգանում են 2014-ից։ «Այսօր լիտվական տեքստիլ ոլորտը աութսորսինգային ծառայություններ է փնտրում եւ համարում է, որ Հայաստանը ոլորտում իր առաջընթացով կարող է համապատասխանել այդ ակնկալիքներին ու դառնալ տարածաշրջանային հանգույց»,-նկատել է Ռենա Սարիբեկյանը։ Լիտվացի գործարարները հետաքրքրված են նաեւ ՏՏ, նորարարության, վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմամբ:
Ի դեպ, այս տարվա աշնանը նախատեսված է դեղագործության, սննդի արդյունաբերության ոլորտների դիստրիբյուտորների, ՏՏ, տեքստիլի, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտների պոտենցիալ ներդրողների գործարար այց՝ Հայաստան։




























