Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։
Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետութունում 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները եւ հարկաբյուջետային շրջանակը: Վերջինս առաջիկա 3 տարվա համար ձեւավորվելու է առավել տնտեսական աճին նպաստող շեշտադրմամբ: Մասնավորապես, եթե տարիներ շարունակ պետական բյուջեի կապիտալ ծախսերը զիջում էին պետական բյուջեի պակասուրդի մակարդակին` հիմնականում պայմանավորված լինելով արտաքին շոկերին դիմակայելու հանգամանքով, ապա միջնաժամկետ ժամանակահատվածում այն գերազանցելու է պետական բյուջեի պակասուրդի մակարդակը: Փոխարենը ընթացիկ ծախսերը հնարավորինս չափավորվելու են, եւ առավելապես կարեւորվելու է այդ ծախսերի իրականացման արդյունավետությունը:
Միաժամանակ, քննարկվել են նաեւ պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2018-2019 թթ. ճշգրտված եւ 2020 թ. կողմնորոշիչ չափաքանակները:





























