Ֆրանսիայի նախագահական ընտրությունները բաց էին մամուլի համար եւ լայնորեն լուսաբանվում էին։ Այս մասին հունիսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն։

Ֆրանսիայի քաղաքացիները կատարեցին իրենց ընտրությունը՝ ընտրելով բարեփոխումների եւ «Ֆրանսիան ԵՄ կազմում» մոտեցման կողմնակից Էմանուել Մակրոնին։ Քաղաքական դաշտի ձեւավորումը դեռ չի ավարտվել։ Ընտրվել է նախագահը եւ ձեւավորվել է կառավարությունը, սակայն խորհրդարանական ընտրությունները դեռ տեղի չեն ունեցել: Դեսպանը հավելեց, որ քաղաքական դաշտի վերջնական պատկերը պարզ կդառնա հունիսի 18-ին։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ պետք չէ զգալի փոփոխությունների սպասել, քանի որ այն ձեւավորվում է քաղաքական կոնսենսուսի հիման վրա։ «Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները հին ու խորն են։ Նպատակն է՝ արդիականացնել այդ հարաբերությունները եւ ավելի շարժական դարձնել»,- ասել է դեսպանը։

Նշենք, որ հանդիպման սկզբում դեսպանը հայերեն խոսեց։