Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը եւ Shaula International խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ընկերության ջանքերով Իտալիայում Հայաստանի գործարար հնարավորություններն ու ներդրումային միջավայրը խթանելու նպատակով:
Հայաստանի զարգացման հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլին։ Հիմնադրամը Shaula International ընկերությանը Իտալիայում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ է տալիս: Shaula-ն պատրաստակամություն է ստանձնում իտալական ընկերություններին ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրը, արտոնյալ առեւտրային ռեժիմները, երկու կողմերի բիզնեսմենների համար առավել ամուր գործնական կապերի հիմք ստեղծել: ՛՛Shaula՛՛-ն մեր երկրում հիմնադրված, Իտալայում գործող խորհրդատվական ընկերություն է՝ մասնագիտացած դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելով:
«Իտալական գործարար հանրության հետ պետք է բիզնեսի լեզվով խոսենք՝ իրենց գործարար կարիքներն ավելի լավ ու ամբողջական հասկանալու համար. Իտալիայում գործարար խորհրդատվական հաջողված փորձ ունեցող ընկերության հետ այս հուշագրի ստորագրումը դրա առաջին քայլն է»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:
«Մենք պատրաստ ենք ամբողջ ուժով իրագործել այս նախաձեռնությունը՝ դեպի Հայաստան ավելի շատ ներդրումներ եւ գործարարների ներգրավելու, արտահանումը եւ զբոսաշրջությունը խթանելու համար»,- նշել է Shaula International ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին:




























