ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամենայն հավանականությամբ առաջյայնությունը տալիս է տնտեսական բաղադրիչին, այլ ոչ թե կլիմայական խնդիրներին։ Այս մասին հայտնել է բնապահպան Կարինե Դանիելյանը՝NEWS. am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին Թրամփի որոշումը։

«Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի գործողությունը նոր պետք է սկսվի, դրա համար էլ դրա կատարման ու առավել եւս արդյունքների մասին խոսելու համար վաղ է»,- նկատել է Կարինե Դանիելյանը։ Բարձր գնահատելով 1992-ին ստորագրված կլիմայի մասին հռչակագիրը ու բոլոր հետագա համաձայնագրերն ու արձանագրությունները՝ Կարինե Դանիելյանը միաժամանակ նշեց, որ գիտության ու հասարակության մեջ կան կլիմայասկեպտիկներ, որոնք համարում են , որ մարդն ունակ չէ ազդել բնական գործընթացների վրա ու որ այդ գործընթացներն անկանխատեսելի են։

Սակայն Հռչակագիրը բավարար չէ, պետք է ավելի գործուն ելքեր փնտրել իրավիճակից, քանի որ մենք մշտապես տեսնում ենք բնության հակազդման դրսեւորումները` տարերային աղետների ձեւով, նկատել է բնապահպանը։

«Թրամփի դիրքորոշման մասին հիմա խոսելը բարդ է, քանի որ բավարար տեղեկություններ չկան։ Միաժամանակ ԱՄՆ-ն արդեն վաղուց է թերահատավորեն վերաբերում կլիմայի մասին Հռչակագրին, քանի որ այն խախտում է նեոլիբերալ տնտեսության հիմքերը։ Ըստ երեւույթին Թրամփը առաջնայնությունը տալիս է տնտեսական բաղադրիչին, այլ ոչ թե կլիմայի խնդիրներին»,- նկատել է Կարինե Դանիելյանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հեռանում է կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից, որը 2015-ին է կնքվել։ Թրամփը իր որոշումը բացատրել է նրանով, որ համաձայնագիրը «չափազանց անազնիվ» է Նահանգների հանդեպ ու կարող է վնասել երկրի տնտեսական շահերին, որոնք ինքը ամենից վեր է դասում։ ԱՄՆ առաջնորդի խոսքով այդ համաձայնագիրը կհարստացներ Հնդկաստանի ու Չինաստանի նման երկրներին։ ԱՄՆ նախագահը նոր համաձայնագիր կնքելու մասին առաջարկություն է ներկայացրել։