Հայաստանում իսրայելցի զբոսաշրջիկներին գրավում է ամեն ինչ: Հայկական եւ իսրայելական տուրիստական ընկերությունների հանդիպման ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Doron Travel ընկերության վաճառքի գծով փոխտնօրեն Շլոմի Շալամը: Հանդիպումը կազմակերպել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանն առընթեր տուրիզմի պետական կոմիտեն եւ Armenia ավիաընկերությունը:
Իսրայելական Doron Travel-ը Վրաստանում եւ Հայաստանում աշխատում է արդեն 13 տարի: Զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը, ըստ Շալամի, կարող է այստեղ իր ճաշակին համապատասխան ինչ-որ բան գտնել:
«Դուք ե՛ւ համեղ ուտեստներ, ե՛ւ խաղատներ, ե՛ւ ընտանեկան հանգստի համար լավ վայրեր, ե՛ւ մշակութային հուշարձաններ ու բազմաթիվ այլ բաներ ունեք: Այստեղ մեզ համար հատուկ սնունդ չկա, բայց հյուրանոցներում եւ ռեստորաններոմ միշտ կարող են հյուրերի պահանջներին համապատասխան ինչ-որ բան պատրաստել: Բավարար է միայն ասել՝ խոզի միս չենք ուզում»,- հավելեց Շալամը:




























