Հայաստանը պետք է ձգտի Իսրայելից զբոսաշրջիկների այնպիսի հոսք գրավել, որը համադրելի կլինի Վրաստանի ցուցանիշների հետ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը ՝ հայկական ու իսրայելական զբոսաշրջային ընկերությունների հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությանն առընթեր Տուրիզմի պետկոմիտեն։

Տարեկան Իսրայելից մինչեւ 100 հազար զբոսաշրջիկ է ժամանում Վրաստան, շաբաթական 20-ական չվերթ է գործում։ Ընդ որում նրանց շրջանում գերակշռում են ոչ թե հրեա վրացիները, այլ առհասարակ իսրայելցիները։

Իսկ Հայաստան Իսրայելից շատ ավելի քիչ են ժամանում՝ 4-5 հազար, բայց նրանք նույնպես հիմնականում կապ չունեն Հայաստանի հետ։ «Եվ դա պայմանավորված է իսրայելցի զբոսաշրջիկների հետաքրքրասիրությամբ։ Նոր ուղղությունները նրանց միշտ հետաքրքիր են։ Մեր երկրում տեսնելու բաներ շատ կան։ Ու Թել Ավիվի ու Երեւանի միջեւ ուղիղ չվերթը միայն կամրապնդի այդ կապերը»,- նկատել է նա։

Կոշերային սնունդ Հայաստանի ռեստորաններում ու խանութներում գրեթե չկա։ Զբոսաշրջիկների համար դա ցանկալի է, բայց ոչ պարրտադիր։ Բացի դրանից Իսրայելի ոչ բոլոր բնակիչներն են կոշերային սնունդով սնվում, հավելեց նա։ Բայց կարելի է վստահաբար ասել, որ եթե լինի պահանջարկ, կհայտնվի նաեւ առաջարկ, հավելեց Շահմուրադյանը։