Հայաստանում առողջապահության ոլորտի տվյալները իրականում անհանգստության տեղիք են տալիս։ Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։
Նրա խոսքով՝ մեծ է շրջակա միջավայրի վրա բացասաական ազդեցությունը։ «Սակայն պետությունը ղեկավարող մարդիկ միայն ասում են, թե պետությունը վատ մենեջեր է։ Եւ միջազգային ասպարեզում եւս ընդունված է, որ բարեփոխումներն այդ նույն սկզբունքով են իրականացվում։ Սակայն անհրաժեշտ է զգուշորեն մոտենալ խնդրին, քանի որ պետության դերն այստեղ շատ կարեւոր է»,-նշեց Կարինե Դանիելյանը։ Ըստ բնապահպանի՝ փորձը ցույց է տալիս, որ այն բոլոր երկրները, որոնք համընդհանուր մասնավորեցման չեն ենթարկվել, օրինակ՝ Ղազախստանն ու Բելառուսը, չեն տուժել։ Նրանք ավելի քիչ կորուստներ են ունեցել։
Հիշեցնենք, որ Հայաստանում մտավորականության ներկայացուցիչների ֆորումը Կառավարությունից պահանջում է դադարեցնել երկրի համար կարեւոր ընկերությունների մասնավորեցումը։ Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը։ Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություններ, որոնցից 23-ը՝ ըստ մասնավորեցման նախնական ծրագրի։ Նշված ընկերությունների շարքում են Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, «Հրազդան» մարզադաշտը, «Ավտոկայանը», Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպերի արտադրության կենտրոնը եւ այլն։ Ընկերությունների վաճառքից պետությունը նախատեսում է 35-36 մլրդ դրամի եկամուտ ստանալ։





























