Արմավիրի մարզում անցած տարվա դեկտեմբերի 16-ին 2 մարդու մահվան ելքով վթարի մեջ մեղադրվող սերբ վարորդն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Կարեն Ստեփանյանը:

Նախաքննությամբ ապացուցվել է, որ սերբ վարորդ Լյուբիշա Ստանիսավլիեւիչը կորցրել է մեքենայի կառավարումն ու դուրս գալով հանդիպակաց ուղեմաս՝ բախվել է այդ ուղեմասով երթևեկող, Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ Սիմոն Խաչատրյանի վարած ավտոմեքենային: Վթարի հետեւանքով Սիմոն Խաչատրյանն ու իր կինը մահացել են:

«Իմ պաշտպանյալն ասել է, որ չի պատկերացրել, որ նման բան կարող է լինել: Մեքենայի արագությունը նորմալ է եղել, ուղղակի տեղ-տեղ սառած է եղել, ինչն էլ եղել է վթարի պատճառ: Իմ պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է»,- ասաց Կարեն Ստեփանյանը:

Նշենք, որ սերբ վարորդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 16-ին խոշոր վթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սերբիայի Հանրապետության քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի վարած բեռնատար եւ երեք այլ մարդատար մեքենաներիը:

Բախման հետևանքով մեքենաներից մեկը շպրտվել և հայտնվել է դաշտամիջով անցնող առվակի մեջ: Փրկարարներն այնտեղից դուրս են բերել վարորդին` 52-ամյա Սիմոն Խաչատրյանին և նրա ուղևորուհուն, որոնք տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ճանապարհին ուղևորուհին մահացել է, իսկ Ս. Խաչատրյանը 5 օր անց հիվանդանոցում մահացել է: Նրանք ամուսիններ էին: