Ես չեմ բացառում, որ խորհրդարանից դուրս զարգացումներ կձեւավորվեն եւ դրանք կարող են բերել ֆորսմաժորային իրավիճակի։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը։
«Ես չեմ բացառում, որ խորհրդարանից դուրս էլ զարգացումներ կձեւավորվեն եւ դրանք կարող են բերել ֆորսմաժորային իրավիճակի, որովհետեւ ստեղծվել է մի այնպիսի քաղաքական համակարգ, որը կարելի է ասել ամենա ապաքաղաքականացված խորհրդարանի ներկայությունն է ապահովել Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ մեծ հարգանք տածելով շատ գործիչների, գործարարների նկատմամբ, այնուամենայնիվ, նրանք խորհրդարանում ժողովրդի շահերը չեն արտահայտում։ Ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի»,-ասել է Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանը մեկնաբանել է՝ ֆորսմաժորային իրավիճակ ասելով՝ ինչ նկատի ունի ։
«Այսինքն, եթե այն իրավիճակը, որը որ այսօր կշարունակվի, ինչ տիրում է Հայաստանում, անկասկած որոշակի միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ բացասական երեւույթները վերանան Հայաստանում»։
Սեյրան Օհանյանը նշել է, որ դեմ է քաղաքականության մեջ թշնամությանը եւ թշնամությունը չի համարում քաղաքական կատեգորիա։





























