Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե պայքարելու է դպրոցներում առկա արատավոր երեւույթների դեմ, սակայն միաժամանակ նշել, որ դպրոցներում աշակերտների ծնողների ու ուսուցիչների ձայները ՀՀԿ-ի օգտին ցուցակագրելը արատավոր երեւույթ չի համարում:
«Ես ձայների ցուցակագրումը չեմ ընկալում, չեմ հասկանում՝ ինչ է դա, ավելի շատ ներկայացվում է, քան կա: Աշխատանքից հետո յուրաքանչյուրը իրավունք ունի զբաղվել այն գործունությամբ, ինչը ցանկանում է: Իսկ աշխատանքային ժամերին պարտաճանաչ աշխատում են»,-ասել է Աննա Ստեփանյանը:
Աննա Ստեփանյանը հորդորել է զինվել համբերությամբ եւ տեսնել՝ ինչ պայքար է մղելու:
«Ձեզ հետ միասին պետք է բարձրացնենք ուսուցչի դերը, պետք է մեծարենք ուսուցիչներին, ոչ միայն փնովենք, նաեւ բարձրացնենք: Ես շատ բաների, արատավոր երեույթների դեմ կպայքարեմ ու Դուք կտեսնեք: Զինվեք համբերությամբ»,-ասել է Աննա Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ Աննա Ստեփանյանի նշանակումից հետո հրապարակումներ եղան, որ նա խորհրդարանական ընտրություններին կեղծ վկայականով դիտորդական առաքելություն է իրականացրել ընտրատեղամասում: Հիշեցնենք, որ մինչ նշանակումը նա Սիամանոթյի անվան դպրոցի տնօրենն էր:
Նա վստահեցրել է, թե քաղաքապետարանում նշված պաշտոնը վաստակել է ոչ թե ընտրական գործընթացներին ակտիվ մասնակցության, այլ 25 տարվա մանկավարժական գործունեության շնորհիվ:





























