ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 3-ին, գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է միջոցառմանը մասնակցող դատախազներին եւ դատախազության բոլոր աշխատակիցներին, մասնագիտական տոնի առթիվ նաեւ մի խումբ անձանց պարգեւատրել պետական բարձր պարգեւներով եւ շնորհել բարձրագույն դասային աստիճաններ:

Իր շնորհավորական խոսքում նախագահն անդրադարձել է կառավարման նոր համակարգի եւ պետական իշխանության մարմինների նոր հարաբերակցության պայմաններում հանրապետության իրավապահ համակարգի հենասյուներից մեկի՝ դատախազության դերակատարմանը, մինչ այժմ ունեցած ձեռքբերումներին, առաջիկա անելիքներին, ինչպես նաեւ ներկաների ուշադրությունը հրավիրել դատախազության գործառույթների հետ անմիջականերոն կապված առանձին խնդրահարույց երեւույթների վրա:

Մասմավորապես, ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գեւորգ Բաղդասարյանը եւ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արտակ Հարությունյանը պարգեւատրվել են Մխիթար Գոշի մեդալով:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Ասլանյանին եւ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սիսակ Խաչատրյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: