Հայաստանը կարող է օգտվել տեղական ինքնակառավարման եւ քաղաքացիական հասրակության ոլորտներում Լեհաստանի փորձից: Այս մասին հուլիսի 4-ին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` ներածական ելույթով հանդես գալով «Քաղաքացիական հասարակություն հանուն զարգացման. կամուրջ հասարակական, մասնավոր եւ քաղաքացիական հատվածների միջեւ» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Նրա խոսքով` Լեհաստանից ուժեղ թիմի այցելությունը Հայաստանի համար շատ կարեւոր է: «Լեհաստանը կարող է հպարտանալ 2 լավ բանով` տեղական ինքնակառավարմամբ եւ քաղաքացիական հասարակությամբ: Ես շատ ուրախ եմ, որ այդ թիմն այստեղ է, քանի որ Հայաստանը կարող է շատ բան սովորել»,- նշեց Սվիտալսկին` շարունակելով, որ Հայաստանում դեռեւս կենտրոնացված համակարգ է:
«Սակայն Հայաստանի կառավարությունը մտորում է տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների ընդլայնման մասին: Հայաստանը Լեհաստանի փորձից շատ բան կկարողանա սովորել, ուստի ձեզ խնդրում են այս հնարավորությունից օգտվել: Քաղաքացիական ուժեղ հասարակությունը անչափ կարեւոր գործոն է: Իսկ հայերը սովորելու գործընթացում իրենց լավ են դրսեւորում»,- ամփոփեց դիվանագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանում է գտնվում լեհական պատվիրակությունը, որի կազմում են քաղաքացիական հասարակության ոլորտի փորձագետներ, ինչպես նաեւ գործարարներ, որոնք փոխշահավետ համագործակցություն են ծրագրում շինարարության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:





























