«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել: Այսօր՝ հունիսի 4-ին, նրա շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է նրան:
«Ունի ահավոր գլխացավեր, գլխապտույտ, եւ ընդհանուր զգացողության վատացում: Եվ առողջական վիճակի վատացումը կապված է նրան դատարանում ոստիկանների կողմից խոշտանգելու եւ ծեծի ենթարկելու դեպքի հետ:
Միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի պետին, որ Արայիկ Խանդոյանին տանեն քաղաքացիական հիվանդանոց գլխուղեղի համակարգչային շերտագրում, տոմոգրաֆիա (կատե) կատարելու նպատակով», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Արա Ղարագյոզյանը:
Նշենք, որ Արայիկ Խանդոյանի պաշտպաններն ահազանգում են, որ հունիսի 28-ին իրենց պաշտպանյալը դաժանորեն ծեծվել է եւ խոշտանգվել է Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:





























