Եգիպտոսի գլխավոր դատախազ Նաբիլ Սադեքը պետական անվտանգության դատախազությանը հանձնարարել է հետաքննել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետեւանքով երկու մարդ է զոհվել, եւս չորսը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով МЕНА գործակալությունը։

Կասկածյալին՝ 28-ամյա ուսանող Աբդել Ռահման Շաաբանին Կահիրե կտեղափոխեն, որտեղ նրան կհարցաքննեն։ Ավելի վաղ նրան հարցաքննել են Կարմիր ծով գավառի ոստիկանության աշխատակիցները։

ՆԳՆ-ի տվյալներով՝ կասկածյալը նախկինում ոստիկանության տեսադաշտում չի հայտնվել։

Եգիպտոսի բարձր դատախազությունը երկրի գլխավոր դատախազության կազմում է ներառված։ Այն  հետաքննում է պետական կարեւորության գործերը։

Ուրբաթ 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանը Հուրգադայի հյուրանոցներից մեկի ծովափին դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա։ Դրա հետեւանքով զոհվել են Գերմանիայից երկու զբոսաշրջիկներ, եւս չորսը՝ Հայաստանի, Չեխիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ, վիրավորում են ստացել։