Շարջայի առեւտրա-արդյունաբերական պալատը (ԱԱՊ) ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանատան հետ քննարկել է հարաբերությունների, համագործակցության ու կապի ընդլայնման միջոցները՝ Շարջայում ու Հայաստանում բիզնես շրջանակների միջեւ առեւտրի ու ներդրումների հնարավորություններն ավելացնելու նպատակով։

Խորհրդակցությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ԱԱՊ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, շեյխ Ֆախիմ բին Սուլթան Ալ Քասիմին, ԱԱՊ ղեկավար Աբդալլա Ալ Օվեյսն ու ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։

Կողմերը քննարկել են երկու երկրների մասնավոր ընկերությունների համար հասանելի ներդրումային հնարավորություններից օգուտ քաղելու ուղիները, հայտնում է abudhabicityguide.com-ը։

Աբդալլա Ալ Իվեյսը բարձր է գնահատել ԱՄԷ- Հայաստան երկկողմանի հարաբերությունների մակարդակը, որոնք մշտապես զարգանում են բարեկամական երկրների ղեկավարությունների աջակցության շնորհիվ, հատկապես այն բանից հետո, երբ երկու երկրները մարտին անվիզա ռեժիմ են սահմանել։

Ալ Օվեյսը նաեւ Հայաստանի դեսպանին կոչ է արել Հայաստանի բիզնես ներկայացուցիչներին հորդորել այցելել Շարջա՝ տնտեսական առավելություններին ու ներդրումային հնարավորություններին ծանոթանալու համար։ Նա նաեւ ասել է, որ ԱԱՊ-ն պատրաստ է աջակցել բոլոր հայ գործարարներին, ովքեր հետաքրքրված են Շարջայում ներդրումային նախագծերում։

Դեսպան Ղարիբջանյանն էլ իր հերթին հայնել է, որ Հայաստանը ցանկություն ունի ԱՄԷ-ի հետ բոլոր մակարդակների վրա ամրապնդել հարաբերությունները։ ԱՄԷ-ի ու Հայաստանի միջեւ առեւտրափոխանակությունը հրաշալի զարգանում էր վերջին մի քանի տարիներին։ Երկրների միջեւ արտաքին առեւտրի ընդհանուր ծավալը հասել էր մոտ 102 մլն դոլարի 2015-ին ու 88․3 մլն դոլարի՝ 2016-ին։