«Դիլիջան» ազգային պարկի տարածքում հազիվ է հաջողվում կանգնեցնել տեղի բնակիչների կողմից հրահրված հրդեհները: Ինչպես «Էկոլուր»-ին հայտնել է Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանը, երկու օր առաջ հրշեջ խմբերի եւ Ազգային պարկի ուժերով հաջողվել է թույլ չտալ, որպեսզի հրդեհը խոտհարքերից անցնի անտառին:
«Բնակիչները հրդեհում են խոտը` մտածելով, որ բերքը հաջորդ տարի ավելի լավը կլինի: Իսկ մեզ մոտ հիմա շատ չոր եղանակ է, եւ այրվել է 30-40 հա տարածք: Լավ է, որ հաջողվեց կրակը կանգնեցնել, քանի որ մեքենանեերի համար այդ վայրերը դժվարանցանելի են»,- ասել է Ալիխանյանը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, դեկտեմբերի 18-ի երեկոյան, Դիլիջանում խոշոր հրդեհ էր բռնկվել, որը սպառնում էր տարածքի արծվի բներին: Հրշեջներին հաջողվել է մարել Հաղարծին եկեղեցու մերձակայքի անտառներում բռնկված հրդեհը, սակայն հրդեհը ճարակել է մոտ 30 հեկտար խոտ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են չորս հրշեջ հաշվարկներ:





























