Կադրային վերջին բարեփոխումներից հետո, Հայաստանի կառավարության զինվորական ծառայություն չանցած անդամների թիվը շարունակում է նվազել եւ այսօր այն հասել է 12-ի, այսինքն կառավարության 15 «ոչ ուժային» տղամարդ-անդամներից միայն 3-ն են անցել տղամարդու համար այդ կարեւոր դպրոցը (20 տոկոս): Այս մասին հայտարարություն է տարածել «Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի նախաձեռնող խումբը, նշելով, որ Հայաստանի պատմության ընթացքում սա ամենացածր տոկոսն է:

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ կադրային բարեփոխումների այս միտումի պայմաններում, մոտ ժամանակներում պետք է իրենց պաշտոններից հեռանան գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարները:

Հավանաբար, ինչ որ ժամանակ հետո մենք կհասկանանք զինվորական ծառայություն չանցածներով պետական բարձրաստիճան պաշտոնների համատարած համալրման պատճառները, սակայն այսօր օրինական կլինի, որ պահպանվի հրապարակայնությունը եւ ներկայացվի բարձրաստիճան պաշտոնյաների զինվորական ծառայություն չանցնելու մասին պատճառները, ինչը սահմանված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջներով:

Իսկ նման ուսուցողական օրինակ կարող է ծառայել բարձրաստիճան պաշտոնյաների կադրային դարբնոցի հեղինակություն` ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավարի պարզաբանումը Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակված իր տղայի զինվորական ծառայություն չանցնելու պատճառների մասին:

Հույս ենք հայտնում, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ըմբռնումով կընդունի սույն առաջարկությունը տեղեկատվություն ստանալու սահմանադրական մեր իրավունքի մասին»,- ասված է հայտարարության մեջ: