«Քանի որ Սերժ Սարգսյանն է բազմաթիվ մականունավորների ներմուծել Հանրապետական կուսակցություն, խորհուրդ ենք տալիս որպես առաջին քայլ կուսակցությունից հանել բոլոր մականունավորներին, իսկ նրանց կողմից ստեղծված «օբշչյակը» եւ նրա ֆինանսական հոսքերը բացել հասարակական վերահսկողության համար»: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսպիսի մաղթանք հղեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ այսօր՝ դեկտեմբերի 21-ին հրավիրված ասուլիսում:
ՀԱԿ համակարգողը նմանատիպ եւս վեց մաղթանք հղեց՝ մասնավորապես առաջարկելով, որ իշխանությունները դադարեցնեն Ռուսաստանի իշխանություններին կապկելու սովորությունը եւ «ՀՀ քաղաքական միտքը դնեն ավելի ամուր անկախական հիմքերի վրա, ինչպես դա կաներ կուսակցության առաջնորդ Աշոտ Նավասարդյանը»:
«Ես չեմ ժխտում, որ կարելի է սովորել ինչ-որ բաներ Ռուսաստանի ղեկավարներից, բայց բառացիորեն կրկնել Մեդվեդեւի խոսքերը կայունության եւ լճացման մասին նրա` նոյեմբերի 24-ի ելույթից այնքան էլ սազական չէ նժդեհյան ոգուն»,-ասաց Զուրաբյանը: Նա նաեւ առաջարկեց ստեղծել համատեղ «հայ-եվրոպական մի հանձնաժողով, որը կզբաղվի Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքը եվրոպական արժեքներին համապատասխանեցնելու ազգանվեր գործով»:
«Հաշվի առնելով այն վճռականությունը, որով Սերժ Սարգսյանը պայքարում է ավազակապետության դեմ եւ պաշտոնանկությունների շարք է սկսել` առաջարկում ենք պաշտոնից ազատել Հայաստանի գլխավոր կոռուպցիոներ Սերժ Սարգսյանին», - առաջարկեց բանախոսը: Նա նաեւ բեղմնավոր աշխատանք մաղթեց երկրի ղեկավարին՝բոլոր նշված ուղիներով աշխատանք տանելու համար: «Թող վստահ լինի, որ բոլոր այն գործերը, որ ինքն անավարտ կթողնի, մենք կավարտենք»,-հույս հայտնեց ընդդիմադիր գործիչը:




























