«Պետք չէ կեղծ հայրենասերի դիմակ հագնել» «Լեզվի մասին» եւ «Կրթության մասին» օրինագծերի ընդդիմախոսներին Ազգային ժողովի հարթակից ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Սահակյանը հայերենի ճակատագրով «մտահոգ» պատգամավորներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել իր ելույթի վրա եւ բառերը ճիշտ արտաբերել։ «Չեմ ուզում Նոր տարվա նախաշեմին շատ ակտիվ բառեր օգտագործել»,-չգիտես՝ ինչու ասաց Սահակյանը։
Նա այնուհետեւ ավելացրեց, որ ՀՀԿ խմբակցությունը կարող է ընդհանրապես չմասնակցել ԱԺ նիստերին, քանի որ ակտիվորեն աշխատում է խորհրդարանական հանձնաժողովներում։
«Այստեղ նստած ենք հանուն քաղաքավարության»,- խոստովանեց Սահակյանը՝ ավելացնելով, որ հանրապետական պատգամավորներն իրենց նյարդերը քայքայում են՝ խորհրդարանական նիստերի ժամանակ լսելով ազգի որոշ ընտրյալների տրաֆարետային ելույթները։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը չցանկացավ նշել այն պատգամավորների անուններն, ովքեր իրենց տրաֆարետային ելույթներով նյարդայնացնում են հանրապետականներին։ Սահակյանը կոչ արեց այս երեւույթի դեմ քայլեր ձեռնարկել։ «Անհրաժեշտ է լրացումներ մտցնել ԱԺ կանոնակարգի մեջ եւ այնպես անել, որ խորհրդարանի նիստերին հոգեբույժ ներկա լինի»,- առաջարկեց հանրապետականը։





























