Հայաստանի հյուսիս-արեւելյան դարպասում` Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում, հաճախ են լսվում կրակոցներ: Ադրբեջանի հետ 28 կմ սահման ունեցող գյուղի բնակիչների համար հրադադարի ռեժիմի խախտումն արդեն սովորական է դարձել:
«Ամիսը մեկ կամ երկու անգամ հրադադարի խախտման դեպքեր են լինում, սակայն գյուղացիների համար դա արդեն սովորական է դարձել»,-Վահան գյուղ կատարած լրագրողական այցելության ժամանակ ասաց գյուղապետը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գուրգեն Բալյանը:
Չնայած դրան` գյուղի բնակիչները շարունակում են ապրել իրենց առօրյա հոգսերով ու խնդիրներով:, իսկ դրանք այս գյուղում շատ են:
Գյուղապետի խոսքով, ամենից անհանգստացնողը հողի խնդիրն է: «Գյուղում, ընդհանրապես մեր շրջանում, առաջին կարգի հողեր չունենք, բայց մարդկանց վրա առաջին, երկրորդ կարգի հողեր են գրում, ինչի պատճառով գյուղացիները ստիպված են ավելի շատ հողի հարկ վճարել»,-նշեց գյուղապետը` հավելելով, որ առաջին եւ չորրորդ կարգի հողերի հողի հարկի միջեւ տարբերությունը 3000-4000 դրամ է:
Գուրգեն Բալյանի հավաստմամբ, դա պատճառ է լինում, որ շատ գյուղացիներ հրաժարվեն իրենց հողերից. «Սակայն դիմումները մերժում եմ, որովհետեւ վաղը չէ մյուս օրը չի իմացվի, թե ոնց կլինի, գուցե դրությունը լավանա, մարդիկ ինչո՞ւ կորցնեն հողը»:
Բացի այդ, հողից հրաժարվելու համար Վահանի բնակիչները պետք է զրոյացնեն պարտքը, ինչը, նրանցից շատերն ի վիճակի չեն անել:
«Եթե չզրոյացնեն, ես ստիպված պետք է դիմեմ դատարան, իսկ ես ո՞նց դիմեմ դատարան, որ մարդուց գանձում կատարվի: Դրա համար ասում եմ` սպասեցեք, կարողա նորմալ լինի այդ հողը հետագայում ձեզ պետք գա»,-ասաց Վահանի գյուղապետը` հավելելով, որ գյուղը 1994 թվականից սկսած 25 մլն հողի հարկի պարտք ունի:
Հողերից հրաժարվելու պատճառը, սակայն, ոչ միայն բարձր հողի հարկն է, այլեւ կլիմայական անբարենպաստ պայմաններն ու բերքն իրացնելու հնարավորություն չունենալը: «Գյուղացիները շատ քիչ են կարտոֆիլ ցանում: Կարելի է ասել չեն էլ ցանում. միայն իրենց ուտելու համար»,-ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ, եթե պայմանավորվածություն ձեռք բերվեր կարտոֆիլը Ճամբարակի զորամասին հանձնելու, ապա գուցե գյուղացիները սկսեին ավելի շատ կարտոֆիլ մշակել:
«Դիմեցի Պաշտպանության նախարարություն, սակայն ասացին, որ կարտոֆիլ կմթերեն միայն այն դեպքում, եթե դրա ծավալը հասնի 200 տոննայի: Բայց ժողովուրդն այդքան չէր ցանել, իսկ այս տարի էլ ցանեցին, սակայն բերք չստացան»,-ասաց Բալյանը:
1238 բնակչություն ունեցող սահմանամերձ Վահան գյուղից, չնայած ապրուստի դժվար պայմաններին, արտագաղթ չկա: Ընդհակառակը` վերջին շրջանում գյուղը համալրվել է եւս 20 հոգով: Իսկ մահացությունների ու ծնելիության թիվն այստեղ վեջին մեկ տարվա ընթացքում հավասար է եղել` 17 մահ եւ 17 ծնունդ:
Վահանում հիմնականում ապրում են ներկայումս Ադրբեջանի տարածքում գտնվող Արծվաշեն գյուղի ներգաղթյալները: Գյուղը գտնվում է Երեւանից 128 կմ հեռավորության վրա:





























