Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը ոչ մի նոր բան չունի ասելու մարտի 1-ի դեպքերի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Այս մասին նա նշեց այսօր՝ դեկտեմբերի 22-ին կայացած ասուլիսում:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ քաղաքական մեծամասնությունը կամք չի դրսեւորել մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ, եւ հասարակությունն այդպես էլ որեւէ մերդասպանի չի տեսել, Նիկոյանը պատասխանեց, որ մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը, ներկայացրել մեծ զեկույց եւ նոր բան չկա ասելու:
Դիտարկմանը, թե իշխանությունը խոսում է հանդուրժողականությունից, բայց մինչ օրս բանտում են քաղբանտարկյալները, այդ թվում իրենց գործընկեր Սասուն Միքայելյանը, ԱԺ հանրապետական փոխնախագահը պատասխանեց. «Ես ցավում եմ, եւ կուզենայի, որ մարտի 1-ը չլիներ, Սասունն էլ այնտեղ չլիներ»:
Նա անդրադարձավ նաեւ կոալիցիայի աշխատանքին, նշելով. «Ես կարծում եմ, որ կոալիցիան կատարել է իր առջեւ դրված խնդիրները: Բայց անկախ նրանից, թե որ կուսակցությունն է ղեկավարում ոլորտը, հասարակության պահանջները ՀՀԿ-ից են»: Նա նաեւ հավելեց, որ թեեւ ՀՀԿ-ն ուներ քաղաքական մեծամասնություն, սակայն գնաց կոալիցիայի ստեղծման: «ՀՀԿ-ն իր գործընկերների համար թափանցիկ եւ կանխատեսելի է»,- իր խոսքն ամփոփեց Նիկոյանը:





























