«ՍԹԱՐ» առեւտրային ցանցից NEWS.am-ին տեղեկացնում են, որ բաժնետիրական կապիտալի ներգրավման վերաբերյալ պայմանագիր են կնքել «Ռենեսանս Կապիտալի» հետ։ Այն կդառնա «ՍԹԱՐ»-ի բացառիկ ֆինանսական խորհրդատուն` հավելյալ բաժնետիրական կապիտալի ներգրավման գործընթացում։
«Ռենեսանս Կապիտալը» հանդիսանում է Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում, Արեւելյան Եվրոպայում եւ Սահարայից հարավ գտնվող մի շարք Աֆրիկյան երկրների առաջատար անկախ ներդրումային-բանկային խումբ։ Այն միեւնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում իր հաճախորդների համար մուտք գործել այլ շուկաներ Լոնդոնում, Նյու-Յորքում եւ Հոնկոնգում գտնվող իր ֆինանսական կենտրոնների միջոցով: Ընկերությունը մտնում է «Ռենեսանս Գրուպի» մեջ:
Հիշեցնենք, որ ներկայումս «ՍԹԱՐ» առեւտրային ցանցն ընդգրկում է 18 սուպերմարկետ, որոնցից մեկը գործում է Հրազդան քաղաքում, մնացած 17-ը` Երեւանում: Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) հանդիսանում է «ՍԹԱՐ»-ի մինորիտար բաժնետերը, իսկ որպես խոշոր բաժնետեր հանդես է գալիս Հենրիկ Զախարյանցը:




























