Մամուլում մի քանի օր առաջ տպագրվել էր «Շանթ» ընկերության սեփականատերեր Վարշամ եւ Մանվել Ղարիբյան եղբայրների հակաամարտության հետ կապված նրանց երրորդ եղբոր՝ Սամվել Ղարիբյանի անունից ՀՀ նախագահին ուղղված բաց նամակը։

Նամակում գրված էր, որ այդ հակամարտության իրական պատճառն ու հրահրողը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էր, որը Ղարիբյանների սեփականությունը խլելու մտադրություն ունի։ Դրան ի պատասխան Ղարիբյան եղբայրներից Վարշամը, որին հովանավորում է գլխավոր դատախազը, պատասխան գրություն է բերել «Հրապարակ»–ի խմբագրություն, որն էլ թերթը ներկայացնում է ամբողջությամբ. «Մամուլից ծանոթանալով եղբորս՝ Սամվել Ղարիբյանի անունից ՀՀ նախագահին ուղղված բաց նամակին՝ անմիջապես հասկացա, որ դրա իրական հեղինակը Սամվելը չէ, այլ մեկ այլ երրորդ անձ, ով ունի իր շահը՝ իմ բիզնեսի հետ կապված, եւ փորձում է ամենակեղտոտ ձեւով շահարկել ու օգտագործել իմ մյուս եղբորը մեր ընտանեկան բիզնես-տարաձայնությունների մեջ։

Համոզված եմ, որ Սամվելի գաղափարը չէ բաց նամակը՝ ընդհանրապես, ու դրա բովանդակությունը՝ հատկապես, քանզի նախ՝ նա որեւէ առնչություն չունի մեր բիզնեսի հետ, չունի որեւէ մասնաբաժին, եւ երկրորդ՝ գոնե որպես եղբայր երբեւէ չի փորձել հաշտարարի դերում հանդես գալ իմ եւ Մանվելի միջեւ։

Ցավալի է, որ ընտանեկան խնդիրները ոչ միայն փորձ է արվում մամուլով դարձնել քննարկումների առարկա, այլեւ անգամ քաղաքականացնել, քիչ է մնում դարձնեն պետական հարց։ Մեր ընտանեկան բիզնեսը մերն է։ Ճիշտ է, այսօր ունենք տարաձայնություններ եւ գտնվում ենք դատական գործընթացների մեջ, բայց, ամեն դեպքում, դրանք ընտանեկան խնդիրներ են եւ կապ չունեն որեւէ պետական պաշտոնյայի հետ, եւ չենք կարծում, որ այդ տարաձայնությունները, որպիսիք պատահում են շատ եւ շատ ընտանիքներում, գործնական հարաբերություններում ունեն այն նշանակությունը, որը կարելի էր դարձնել մամուլի քննարկումների առարկա»։