2010-ն ավարտում ենք շուրջ 2,5 տոկոս տնտեսական աճով, տեսանելի է նաեւ, որ ՀՆԱ աճը մինչեւ տարեվերջ կազմելու է շուրջ 400-410 մլրդ դրամ, այսինքն տարին կփակենք 3,5 տրիլիոն դրամ ՀՆԱ-ով։ Դեկտեմբեր 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին նման կանխատեսումներ արեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
«Այս տարի ունենալու ենք 10 տոկոսից մի փոքր ցածր գնաճ՝ պայմանավորված անցած տարվա միտումներով։ Ընդ որում, գնաճն ազդելու է հատկապես անապահով խավի վրա։ Կենտրոնական բանկը, որի առաքելությունն է զսպել այս երեւույթը, զրկված է դրա համար նախատեսված դասական հնարավորություններից եւ գործիքներից։ Գնաճը զսպելու գործը, սակայն, միայն ԿԲ պարտավորությունը չէ, այլ նաեւ Կառավարությանը»,- շեշտեց Ասատրյանը։
Նա նաեւ նկատեց, որ կան բոլոր տվյալները, որպեսզի ասենք, որ մենք այս տարի ավելի վատ ենք ապրում, քան նախորդ տարի։ «2009 թվականի տվյալներով, Հայաստանում աղքատ էր բնակչության շուրջ 34,1 տոկոսը՝ 7 տոկոսով ավել, քան նախորդ տարիներին։ Թվերի ամփոփման ժամանակ 2010-ի աղքատության պատկերն ավելի վատը կլինի»,- համոզմունք հայտնեց ԿԲ նախկին նախագահը։
Վերջում նա նկատեց, որ 2011 թվականը եւս տնտեսական առումով գորշ տարի է լինելու, ուր իր ուրույն տեղն է զբաղեցնելու գնաճը։




























