Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի հավատում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ՀՀԿ-ի միջեւ որեւէ հակասության կա: Այս մասին նա ասաց այսօր՝ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Գագիկ Ծառուկյանը կամ Քոչարյանը չեն կարող գնալ իշխանության դեմ: Ծառուկյանը մի քանի հարյուր միլիոնի չմուծված հարկ ունի: Այս խաղերը միայն նրա համար են, որ իրենց փայաբաժինը մեծացնեն իշխանության մեջ, բայց ոչ կորցնելու համար»,- կարծիք հայտնեց Բագրատյանը:

Նրա խոսքով, տեսականորեն հնարավոր է, որ ԲՀԿ-ն հայտարարություններ անի, բայց դա լուրջ չէ: «Լուրջ չէ նաեւ այն, որ ՀՀԿ-ն լկտիանա եւ որոշի ջարդել ԲՀԿ-ին, ես դրան էլ չեմ հավատում»,- նշեց նախկին վարչապետը:

Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի գործունեությանը, նա ասաց. «Տիգրան Սարգսյանն արդեն կարգին զզվացրել է իշխանությանը, եւ նրան հանելու են:

Անգամ Սերժ Սարգսյանին է զզվացրել: Վարչապետի ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է, իսկ Երեւանի քաղաքապետի ամենահավանական թեկնածուն՝ Վաչե Գաբրիելյանը»:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Գագիկ Բեգլարյանը կարող է միանալ ընդդիմությանը, Բագրատյանն արձագանքեց. «Բեգլարյանը դժվար միանա ՀԱԿ-ին, մենք իրենով հիացած չենք: Բայց եթե քրգործ հարուցեն, ընդդիմություն կարող է դառնալ»: