Գագիկ Բեգլարյանը շարունակում է մնալ ՀՀԿ խորհրդի անդամ եւ չի բացառվում, որ հետագայում այլ պաշտոն զբաղեցնի: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ պաշտոնանկ արված Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին պատկանող ավտոմեքենան երեկ կայանած է եղել ՀՀԿ կուսակցության գրասենյակի առաջ: «Նա մեր գործադիր մարմնի անդամ է, բա կուսակցություն չմտնի՞»,-տարակուսեց Սահակյանը:
Հարցին, թե Բեգլարյանին աշխատանքից հանելով հարց լուծվե՞ց՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Մասոնական հարց եք տալիս, որովհետեւ եթե մարդը մի գործողություն է անում, պարտադիր չէ, որ պատիժներ կրի՝ մինչեւ մորթեն կամ կախեն: Գագիկ Բեգլարյանը մեր լավագույն քաղաքապետներից մեկն է եղել, կարծում եմ, շատ ակտիվացրեց գործընթացներն իր լիազորությունների շրջանակում Երեւան քաղաքում, իսկ միջադեպեր բոլորի հետ էլ կարող են պատահել: Դրա համար էլ պետք է գնահատել հրաժարականը, որը նա տվեց»:
Սահակյանը հավելեց նաեւ, որ Բեգլարյանը կշարունակի իր կուսակցական աշխատանքը մինչեւ վերջ: «Եւ հետո էլ հարցնում են՝ բա ի՞նչ պիտի լինի, ես էլ ասում եմ՝ կաշխատի, ի՞նչն է պատճառը: Ինքը պետք է որոշի, թե ինչ կարող է անել ու որտեղ կաշխատել: Այսինքն, նրան չմորթենք ու ասենք՝ էլ մի աշխատի»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:





























