ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ թերթի թղթակցի հարցին ի պատասխան՝ չի բացառել, որ կարող է ՀՀ ԱԺ-ն արձակելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել Սերժ Սարգսյանին: «ՀԺ»-ի թղթակիցը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանից հետաքրքրվել է, թե արդյոք Տիգրան Սարգսյանը բացառո՞ւմ է, որ ԱԺ-ն արձակելու առաջարկով դիմի Սերժ Սարգսյանին, քանի որ համապատասխան իրավական հիմքն առկա է (ԱԺ աշնանային նստաշրջանի երեք ամիսների ընթացքում վերջնական որոշում չի կայացվել ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի համարված մի շարք օրինագծերի վերաբերյալ): Անանյանը թերթի թղթակցին փոխանցել է Տիգրան Սարգսյանի պատասխանը. «Առանց մենկաբանության»:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ վարչապետն ուղղակի չի հայտարարում, որ ԱԺ արձակելու առաջարկով Սերժ Սարգսյանին չի դիմելու, եւ արդյոք դա չի՞ նշանակում, որ նա ԱԺ-ն ցրելու տարբերակը չի բացառում, Անանյանը կրկնել է մինչ այդ տված պատասխանը՝ «առանց մեկնաբանության»: Ըստ ՀՀ Սահմանադրության, համապատասխան հիմքերի դեպքում ԱԺ-ն ցրելու առաջարկով հանրապետության նախագահին կարող են դիմել ՀՀ վարչապետը եւ ԱԺ նախագահը: Ի տարբերություն վարչապետի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «ՀԺ»-ի թղթակցի հարցին ի պատասխան, կտրականապես բացառել է խորհրդարանը ցրելու առաջարկով Սերժ Սարգսյանին դիմելու տարբերակը: Թերթի թղթակցի՝ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանին ուղարկված հարցմանը՝ ԱԺ-ն ցրելու հնարավորության վերաբերյալ, երեկ այդպես էլ պատասխան չի տրվել:





























