Երկիրը համատարած ճգնաժամի մեջ է. առ այսօր անազատության մեջ են ընդդիմադիր գործիչները, սակայն ընդդիմությունը 2011-ին շարունակելու է պայքարը՝ հասնելու երկրում ազատ ընտրությունների անցակցման։ Դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

«Միայն ազատ եւ արդար ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանությունների ձեւավորման պարագայում հնարավոր կլինի խոսել ընդդիմություն-իշխանություն բնականոն հարաբերություննների մասին։ Դա կլինի լավագույն երկխոսությունը»,- ասաց Դեմիրճյանը։

Նրա խոսքով, ընդդիմության՝ ընտրություններ անցկացնելու պահանջն ինքնանպատակ չէ։ «Երկրագունդը նախագահական աթոռի շուրջ պտտվում է միայն այն  մարդկանց համար, ովքեր հանուն այդ աթոռի պատրաստ են սեփական ժողովրդի արյունը թափել։ Մինչդեռ ժողովուրդն իր հույսը դնում է ընդդիմության վրա, իսկ այսօրվա դրությամբ, ամենակազմակերպված եւ իրական ընդդիմությունը Հայ ազգային կոնգրեսն է, որի շրջանակներում էլ ՀԺԿ շարունակելու է իր գործողությունները»,- նկատեց կուսակցության նախագահը՝ հիշեցնելով, որ ընդդիմությունը շատ անգամներ է ապացուցել, որ կարող է ջախջախիչ հաղթանակ տանել ազատ եւ արդար ընտրություններում։

«Մի՞թե 1998 թվականին Կարեն Դեմիրճյանը ջախջախիչ հաղթանակ չտարավ։ Սակայն հիմա չափից ավելի շատ է սուտը, կեղծիքն ու դեմագոգիան։ Այս ամենին վերջ կդրվի, եթե երկրում օրինական իշխանություն  ձեւավորվի»,- ամփոփեց ընդդիմադիր գործիչը, հավելելով, սակայն, որ ակնկալիքներ չունի, որ 2011 թվականին ընտրություններ կանցկացվեն: