Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը երեկ՝ դեկտեմբերի 23-ին եղել է մի քանի սուպերմարկետներում եւ Գումի շուկայում եւ պարզել, որ «ամեն ինչ հարաբերական է եւ ձուն, որը մի քիչ յոդացված է կամ ավելի օրգանիկ, վաճառվում է մի քիչ ավելի թանկ»:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը ՝ Գերասիմ Ալավերդյանը, ավելացնելով. «Ես երեկոյան մտել եմ խանութից ձու եմ գնել 52 դրամով»:
Հարցին, թե գուցե իր այցո՞վ է պայմանավորված եղել ձվի գինը 70-ից 52 դրամի իջեցումը, գյուղնախարարը պատասխանել է. «Չեմ ուզում ավել խոսքեր ասել, բայց նույնիսկ իմ սննդամթերքի տեսչության պետին ես չէի ասել, որ շրջանառության ենք գնալու: Դրա մասին ես ասել եմ գնալուց մոտ մեկ ժամ առաջ: Մենք ո՞ւմ պետք է խաբենք, մե՞զ: Իմ այցի նպատակը հենց դա էր, որմենք ճշտենք, տեսնենք, որ գնաճ կա, որ ժողովրդի համար հասանելի չէ, դա միանշանակ է»:
Իսկ 70 դրամանոց ձու, ամեն դեպքում, տեսե՞լ է, հարցին էլ արձագանքել է. «Այո, երեկ նույնիսկ հանդիպման ժամանակ էլ ասեցի, որ թող չօգտվեն առիթից ու չթնակացնեն, մենք ստուգում ենք, բայց միջոց չունենք ներազդելու, ստիպելու, մասնավոր կազմակերպություններին: Մենք ընդամենը կարող ենք կանոնակարգել, բայց քաղաքականություն իրականացնող մարմին չենք, թելադրող չենք»: Իսկ վերջում հավելել է, թե այնուամենայնիվ այնպիսի վիճակ չէ, որ մարդիկ չեն կարողանում գնումներ կատարել:




























