Հայաստանի մանկատների շրջանավարտների համար նախատեսված սոցիալական ծրագրերի հաշվետվությունները միմյանց չեն համապատասխանում: Այսօր` դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը: Ըստ նրա, այս տարվա նոյեմբերի 15-ին «Հայ Օգնության Միության» ներկայացրած հաշվետվության համաձայն`  մանկատան շրջանավարտների հատկացվել է 2,25 մլն դրամի օգնություն, իսկ Ֆինանսների նախարարության նույն ժամանակահատվածի հաշվետվական տվյալներով` 100 հազար դրամով պակաս աջակցություն է հատկացված եղել:

«Քանի դեռ պետբյուջեի միջոցները ծախսում են մարդիկ, ովքեր պատասխանատու չեն իրենց արարքների համար, արդյունքները այսպիսին կլինեն»,-նշեց Ա. Բախշյանը` հավելելով, որ նշյալ մարմինների կողմից իրականացված որեւէ ծրագիր չկա, որի ներկայացված հաշվետվությունները համընկնեն:

«2007-ից «Ժառանգությունը» ԱԺ-ում հարց է բարձրացնում, որ  մանկատների սաներին հասանելիք դրամական աջակցությունը կամ բնակարանի գնման գումարները տեղ չեն հասնում` նրանց հասանելիքը ինչ-ինչ օղակներում յուրացվում է»,-ընդգծեց պատգամավորը:

Համաձայն Ա. Բախշյանի տրամադրած տեղեկատվության` Վանաձորի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը ներկայացրել է 74 երեխաների` առանց ծնողական խնամքի կարգավիճակ տալու համար, սակայն 72-ի հայտերը մերժվել են` չնայած որ վերջիններս առանց ծնողական խնամքի են եղել: