Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դեկտեմբերի 24-ին հայտնել է Բալթյան երկրների եւ Բելառուսի համար վառելիքի գնագոյացման սկզբունքների մասին:
2011-ին Լատվիան եւ Էստոնիան կարող են գազն ստանալ 15 տոկոս զեղչ գներով, եթե այդ երկրները մեծացնեն գազի ներմուծման ծավալները հասցնելով 2007-ի մակարդակին:
Նման հայտարարություն է արել «Գազպրոմի» փոխնախագահ Վալերի Գոլուբեւը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Եթե գնման ծավալները փոքր լինեն, կնվազի նաեւ տրամադրվող զեղչը:
Գոլուբեւը հավելել է, որ Լիտվայի համար գազի գնի նվազեցում 2011-ի համար նախատեսված չէ:
Ինչ վերաբերում է Բելառուսի համար գազի սակագնին, ապա այն 2012-ից կնվազի 15 տոկոսով այն բանից հետո, երբ կսկսվի կիրառվել գազի արժեքի հաշվարկման նոր բանաձեւը: «Որպես բազային հիմք կհամարվի գազի միջին եվրոպական գինը, հանած մաքսատուրքերը եւ տարանցման արժեքը»,- պարզաբանել է Գոլուբեւը:
2011-ին գազի գինը Բելառուսի համար չի նվազի եւ կկազմի 230 դոլար 1000 խմ դիմաց: 2012-ից գազի սակագնի նվազեցումը պայմանավորված է միջին եվրոպական գների նվազեցմամբ:




























