Դանիայի եւ Շվեդիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են հինգ մարդկանց, որոնք կասկածվում են դանիական Jyllands-Posten թերթի խմբագրության դեմ ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Մի քանի տարի առաջ այդ պարբերականը հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, հաղորդում է Ֆրանս Պրեսը:
Դանիայի Անվտանգության եւ հետախուզության ծառայության ձերբակալած չորսից երկուսը Իրաքի եւ Թունիսի քաղաքացիներ են, մեկը` լիբանանյան ծագմամբ Շվեդիայի քաղաքացի, չորրորդ եւս Շվեդիայի քաղաքացի է, սակայն նրա ազգության մասին չի հաղորդվում: Շվեդիայի Պետական անվտանգության ծառայությունը եւս մեկ կասկածյալի ձերբակալել է Շվեդիայում: Հատուկ ծառայությունների տվյալներով, նրանք պետք է ներխուժեին թերթի խմբագրություն եւ սպանեին հնարավորինս շատ մարդկանց:
Jyllands-Posten-ը 2005 թվականին հրապարակել էր Մուհամեդի 12 ծաղրանկարները, որոնք դարձան միջազգային սկանդալի պատճառ: Մի շարք մուսուլմանական երկրներում հարձակման ենթարկվեցին Դանիայի դեսպանատները: Ծաղրանկարների հրապարակման հետ կապված բախումներում զոհվեց առնվազն 50 մարդ:





























