Նուբարաշենում կոյուղաջրերը լցվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախուց, որտեղ նաեւ հացադուլավոր դատապարտյալներ կան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Երեւանի ավագանու նիստում նախօրեին «Երկիր Ծիրանի» խմբացկության անդամների իրականացրած ակցիային, նա նշեց, որ ինչ-որ առումով նրանց  նման քայլի դրդել է հասարակությունը, որովհետեւ այն մարդիկ, որոնք ապրում են Նուբարաշենում եւ ամեն օր առնչվում են այդ խնդրին, այլեւս որեւէ ատյան չի մնացել, որ բարձրաձայնեն:

«Այդ մասին խոսել են նաեւ իրավապաշտպանները, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկում, որտեղ գտնվում է պատժախուցը, լցվում են կոյուղաջրեր եւ մարդիկ ստիպված են լինում անգամ հացադուլի պայմաններում շնչել այդ օդը»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը, ապա դիմելով ասուլիսին ներկա «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին՝ ասաց. «Կներեք, ձեր նուրբ քիմքը կարող էր մի քանի րոպե խաթարվել այդ հոտից եւ դուք լուծումներ փորձեիք գնել եւ միայայիք հարցը բարձրացնողներին, ոչ թե դատապարտեիք նրանց բավական հստակ ձեւակերպված ակցիան»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը: