Երեւանում 2017թ. նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թվաքանակը կրկնապատկվել է. այս տարի անհամեմատ մեծ ներհոսք ենք սպասում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով զբոսաշրջության զարգացման մասով ծրագրային ցուցանիշներին, նկատել է, որ 2017 թվականին՝ 2016-ի համեմատ, կրկնապատկվել է Երեւան այցելած զբոսաշրջիկների քանակը եւ, հաշվի առնելով, որ այս տարին Երեւանի համար հոբելյանական է, ակնկալվում է զբոսաշրջիկների անհամեմատ մեծ հոսք, ինչը հաշվի առնելով նպատակային աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների ավելացման ուղղությամբ:
Առիթն օգտագործելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:



























