Վենեսուելական պետրո կրիպտոարժույթի վաճառքի մեկնարկի պահից այն ձեռք բերելու սերտիֆիկացված դիմումներ են ներկայացրել աշխարհի 127 երկրների հաճախորդներ։ Այս մասին հաղորդել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, նշված է բոլիվարյան հանրապետության կառավարության պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պետրոն Վենեսուելայի եւ աշխարհի ապագան է։ Այս կրիպտոարժույթը կապված է մեր տարածաշրջանի տնտեսության, արտադրության եւ ֆինանսների հետ»,-հայտարարել էՄադուրոն։ Նա պարզաբանել է, որ ընդհանուր առմամբ 87,2 հազար օգտատերեր են դիմել կրիպտոարժույթ ձեռք բերելու համար, որոնցից 3,52 հազարը ձեռնարկատերեր են, իսկ 83,76 հազարը ֆիզիկական անձիք։

Մադուրոն հավելել է, որ պետրոյի գնման դիմումներ են ներկայացվել Ավստրալիայից, Գերմանիայից, Բելառուսից, Բրազիլիայից, Կուբայից եւ Իսպանիայից: Պատվիրատուների թվում կան նաեւ հաճախորդներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Սաուդյան Արաբիայից եւ աշխարհի այլ երկրներից: