«Վեոլիա Ջուր» ընկերությունն արձագանքել է Սեբաստիայի փողոցի ավերման մասին հրապարակմանը եւ ասֆալտապատել ճանապարհի խնդրահարույց հատվածը։
«Վեոլիա Ջուր» ընկերության NEWS.am–ի խմբագրությանն ուղղված հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Ի պատասխան Ձեր «Ո՞վ կկանգնեցնի Երեւանի Սեբաստիա փողոցի ավերումը» նյութի՝ տեղեկացնում ենք հետեւյալի մասին՝․
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում երկու տարի առաջ արձանագրվել էր ջրագծի վթար, որը վերացվել էր նախկին ջրամատակարար ընկերության՝ «Երեւան ջրի» կողմից։ Աշխատանքների ավարտին տեղում կատարվել էր հողի հետլիցք։ Սակայն, հետագայում, հնարավոր է հողի խոնավությամբ պայմանավորված, գրունտը նստվածք էր տվել, որն իր հերթին բերել էր ասֆալտի շերտի վնասմանը։ Խնդրի լուծման նպատակով՝ երեկ՝ մարտի 2-ի գիշերը, երթեւեկի շարժի նվազեցման պայմաններում՝ Վեոլիա ջրի կողմից նշված տարածքը նորից ասֆալտապատել է՝ ապահովելով փողոցում անվտանգ երթեւեկություն»։



























